
Աշոտ Խաչատրյան
Գեղանկարիչ
- ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՄԱՍԻՆ
- ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ռուսաստանում հայտնի գեղանկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1954 թվականին Հայաստանի Արմավիր քաղաքում։ 1973 թվականին Խաչատրյանն ավարտել է Երևանի դեկորատիվ-կիրառական արվեստի վարժարանը։ Երկու տարի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժնում սովորելուց հետո՝ 1977 թվականին նա տեղափոխվել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ)։
1978-1981 թվականներին Խաչատրյանը հաճախել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի․ Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ՝ որպես ազատ ունկնդիր։ 1992 թվականին Խաչատրյանն ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի Նկարիչների միություն, իսկ 1993 թվականից ի վեր դարձել է նույն միության Գեղանկարչության սեկցիայի բյուրոյի անդամ։
2002 թվականին նկարիիչն ընտրվում է Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության վարչության անդամ։ Ի գնահատանք արվեստագետի կողմից ունեցած հայրենական մշակութային և արվեստների մեջ ունեցած ներդրման՝ Խաչատրյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր։
1981 թվականից ի վեր Խաչատրյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանում և արտերկրում իրականացված ցուցահանդեսներում և միջազգային պլեներներում։ Գեղանկարիչն առ այսօր ունեցել է ավելի քան 30 անհատական ցուցահանդես՝ ներառյալ 2005-2006 թվականներին՝ Մոսկվայի Նկարիչների տանը, 2010 թվականին՝ «Իմ ներկապնակը» ցուցահանդեսում Սանկտ-Պետերբուրգի Նկարիչների միության Մեծ դահլիճում, որտեղ գեղանկարչի աշխատանքները ներառված էին ավելի քան 100 գործերի շարքում։
2012 թվականին մասնակցել է «Լույսի և գույնի պոեզիա» ցուցահանդեսին՝ «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում։ «Կարմրի 60 երանգներ» երկու անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել մեծ թանգարաններում՝ 2014 թվականին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ 2015 թվականին՝ Բելոռուսի հանրապետության Գեղարվեստի ազգային թանգարանում։
Խաչատրյանի ստեղծագործությունները հայտնի են նաև Եվրոպայում․ Հոլանդիայում և Ֆինլանդիայում կազմակերպվել են ցուցահանդեսներ։ 2011 թվականին Ա․ Վ․ Խաչատրյանը մասնակցել է 54-րդ վենետիկյան բիենալեին։
Աշոտ Խաչատրյանի ստեղծագործությունները գտնվում են ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարբեր ներկայացուցչությունների հավաքածուներում, Սանկտ-Պետերբուրգում, Բելոռուսի Գեղարվեստի ազգային թանգարանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժիչժաո քաղաքի Վան Ցայ Շանդունի գեղարվեստի թանգարանում, Սանկտ-Պետերբուրգի 20-21-րդ դարերի արվեստի թանգարանում, ինչպես նաև տարբեր մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում, Դանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պետերբուրգում, Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում և այլուր։